4 փետրվարի 2010 - 17:00 AMT
Գագիկ Բազիկյան. Քաղցկեղը միայն ախտորոշում է, ոչ թե` մահվան դատավճիռ


«Առաջին աստիճանի քաղցկեղի բուժման դեպքում հաջողությունը կազմում է 90-98 տոկոս, երկրորդ աստիճանի դեպքում այն կրճատվում է մինչեւ 50-55 տոկոս, իսկ 3-4-րդ աստիճանների դեպքում այն արդեն կազմում է 10-12 տոկոս: Պետք է գիտակցել, որ քաղցկեղը միայն ախտորոշում է, ոչ թե` մահվան դատավճիռ»,-մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ օնկոլոգիայի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: Նա ընդգծել է, որ ամեն տարի Հայաստանում հայտնաբրեվում է քաղցկեղով հիվանդության 7000 նոր դեպք եւ ափսոսանքով հավելել է, որ հիվանդների 40-45 տոկոսը չափազանց ուշ են դիմում կենտրոն:

«Այժմ մեր հսկողության տակ շուրջ 29 հազար մարդ կա, որոնցից 15707-ը բուժման ամբողջական կուրս են անցել 5 տարի առաջ: Դա նշանակում է, որ մենք հաջողությամբ պայքարում ենք այդ հիվանդության դեմ: Սակայն մենք չենք կարող գովազդել մեր հաջողությունները, քանի որ խորհրդային տարիներից ի վեր մինչ օրս մենք չենք հայտնում հիվանդներին իրենց ախտորոշման մասին: Դրա մասին իմանում են մերձակա հարազատներն ու բժիշկները: Եվ եթե հիվանդը լիովին բուժվում է, նա երբեք չի իմանում իր հիվանդության մասին»,-ասել է Գ.Բազիկյանը` հավելելով, որ միայն մահվան դեպքում հնարավոր է լինում բարձրաձայնել պատճառը:

Նա ընդգծել է, որ այսօրվա դրությամբ բժիշկները գերադասում են հայտնել հիվանդին ախտորոշումը, քանի որ այդ դեպքում հիվանդը սկսում է ավելի ուշադիր հետեւել իր առողջությանը, սննդին, ավելանում է նրա ապրելու ցանկությունը, ինչը նպաստում է բուժմանը: «Եվ հետո, հիվանդներն այժմ իրենք են պահանջում, որ ախտորոշումը հայտնվի նրանց»,-ասել է պրոֆեսորը: