27 հունվարի 2010 - 17:12 AMT
ՀՀ ԱԱԽ քարտուղարն ու Իրանի արտաքին գործերի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունները


Հունվարի 27-ին Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Նրանք կարեւորել են հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումը տարբեր բնագավառներում:

Կողմերը կարեւորել են նաեւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ հայ-իրանական համագործակցության զարգացումը: Զրույցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը ընդգծել է Հայաստան-Իրան երկաթգծի եւ ավտոմայրուղու կառուցման, էներգետիկ ոլորտում առկա երկկողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարեւորությունը:

Զրուցակիցները նաեւ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին շրջանի զարգացումները: Հյուրի խնդրանքով, Բաղդասարյանը ներկայացրել է այս խնդիրների վերաբերյալ հայկական կողմի տեսակետը` վերահաստատելով, որ Հայաստանը կողմնակից է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը, հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը: