«Աշխատանքային հինգ տարիների փորձը ցույց է տվել, որ ավելի շատ ամուսնալուծվում են երիտասարդ զույգերը: Ամուսնալուծությունների ավելի մեծ տոկոսը տեղի է ունենում ամուսնական կյանքի առաջին հինգ տարիներին», - հունվարի 27-ին տեղի ունեցած «Ընտանիք» թեմայով սեմինարի ընթացքում պատմել է հոգեբան-հոգեվերլուծաբան Մարիա Թեւոսյանը:
Նրա խոսքերի համաձայն, դա տեղի է ունենում այն պատճառով, որ երիտասարդները ձգտում են իրենց ընտանեկան կյանքը կառուցել մեծերից առանձին «իրենց համարելով բոլորից խելոք»: «Իսկ ավագ սերունդն արդեն փորձ ունի եւ իր խորհուրդներով երիտասարդներին կարող է սխալներից հեռու պահել», - ասել է Մարիա Թեւոսյանը: Ըստ նրա մեկնաբանման, Հայաստանում դեռեւս չի ձեւավորվել ընտանեկան հոգեբանին այցելելու մշակույթ:
«Սակայն մեր շատ այցելուներին օգնել ենք ամուսնությունը պահպանել, թեեւ կարող էինք ավելի շատերին օգնել, եթե մեզ դիմեին», - ընդգծել է հոգեբանն, ավելացնելով, որ այդ ուղղությամբ բազում միջոցառումներ են անցկացվում, այդ թվում նաեւ բուհերում դասավանդում են ընտանեկան կյանքի մասին դասեր: