10 հունվարի 2002 - 22:59 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ
Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը լիովին պաշտպանել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գծով զեկուցող Ժորժ Քլերֆայթի քաղբանտարկյալներին անվերապահորեն ազատագրելու մասին պահանջը: Բաքվի «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ պաշտոնական Բաքվի հավաստիացումները Ադրբեջանում քաղբանտարկյալների բացակայության մասին` փորձ է մոլորության մեջ գցել համաշխարհային հանրությանը: Նրա խոսքերով, երկրում քաղբանտարկյալների քանակը հասնում է մոտ երեք հարյուրի: Մեկնաբանելով ադրբեջանական պատվիրակության դեմարշը ԵԽԽՎ-ում, որը լքել էր դահլիճը Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցի քննարկման ժամանակ` Լեյլա Յունուսը նշել է, որ պատվիրակության անդամները չեն ներկայացնում Ադրբեջանի քաղաքացիներին: «Նրանք նշանակված են երկրի ղեկավարության կողմից: Այդ պատճառով նրանց գործողությունները կարելի է գնահատել որպես իշխող ռեժիմի, այլ ոչ թե երկրի քաղաքացիների պաշտպանություն»,- նշել է Յունուսը: Նրա կարծիքով, Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին հարցը պետք է քննարկվի ոչ միայն Բյուրոյում, այլ նաեւ ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանին, քանի որ երկրում շարունակում է աճել քաղբանտարկյալների թիվը: Լեյլա Յունուսը անհրաժեշտ է գտնում նաեւ ամենակոշտ պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի նկատմամբ ԵԽԽՎ-ի կողմից` քաղբանտարկյալներին ազատելու եւ քաղաքացիների քաղաքական դրդապատճառներով հետապնդումները դադարեցնելու պահանջով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: