3 փետրվարի 2010 - 17:05 AMT
Հայաստանի կառավարությունը մտադիր է խթանել խաղատների գործունեությունը երկրի հեռավոր մարզերում


Ըստ ՀՀ կառավարության նախաձեռնության «Շահույթով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շրջանակներում խաղատներից գանձվող պետական տուրքը կկազմի 400 մլն դրամ, իսկ խաղասրահներից կգանձվի 50 մլն դրամ: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նա նշել է, որ օրինագծով հստակեցված են այն գոտիները, որտեղ տուրքերը Երեւանի մերձակայքում եւ հեռավոր շրջաններում գտնվող խաղատներից կտրուկ կտարբերվի: «Մեր կողմից օրինագիծը քննարկման կներկայացվի ԱԺ-ում, ըստ որի հեռավոր մարզերում խաղատներին արտոնություններ կտրվեն»,-ասել է նա:

Այս համատեքստում Այվազյանը նշել է, որ սահմանամերձ գոտիներում եւ հեռավոր մարզերում խաղատուն բացելու դեպքում, պետտուրքեր չեն գանձվի:

Պատգամավորը նշել է, որ Հայաստանում օրենք կա, որի համաձայն, ըստ միջազգային պայմանագրի, ազատ տնտեսական գոտիներում պետությունը կարող է նման գործունեություն ծավալել, մասնավորապես, դա կարելի է անել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Երկրորդն, ըստ նրա, օրենքով նախատեսվում է նաեւ թույլ տալ խաղատների գործունեությունը Երեւանի մերձակա շրջաններում, բացառությամբ Երեւան քաղաքի, նրանց համար, ով 40 մլրդ դրամի ներդրում կանի: «Այն խաղատները, որոնք կշարունակեն գործունեությունն Երեւանի մերձակայքում, պետք է 5 անգամ ավելի մեծ տուրքեր վճարեն»,-ասել է նա:

Ըստ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, խաղատների սեփականատերերը չեն համաձայնվի օրինագծին, քանի որ հեռավոր մարզերում շահույթը շատ ավելի քիչ է, քան մայրաքաղաքների արվարձաններում:

Իր հերթին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը նշել է, որ կառավարությունը հստակ որոշել է այն գոտիները, ուր 2013թ-ից պետք է տեղափոխվեն խաղատները: «Դա բխում է միջազգային փորձից` խաղատները բացվում են այնտեղ, որտեղ զարգացած է զբոսաշրջությունը, մասնավորապես, Սեւանում, Ջերմուկում, Ծաղկաձորում: Այս համատեքստում փոխնախարարն ասել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է երկու հարցի լուծմանը` ապահովել մարզերի հավասար զարգացումը, եւ, փողերի լվացման տեսակետից, նոր մեխանիզմներ ներդնել խաղատների գործունեության արդյունավետ վերահսկողության համար:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2010թ. հունվարի 19-ին քննարկել է «Շահույթով խաղերի եւ խաղատների մասին« ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների օրինագծերի փաթեթը: Այդ օրինագծով որոշովում է 2013թ. հունվարի 1-ից դուրս տանել խաղատներն ու խաղասրահները քաղաքային համայքների վարչական տարածքներից, զբոսաշրջային վայրեր: