2009 թվականի ընթացքում հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկում է իրականացվել 593894 բաժանորդի մոտ` 2008թ.-ի 570683 դիմաց: Նշված ժամանակաշրջանում կատարվել է 1209303 այց՝ կամ ծրագրավորվածի 101,9 տոկոսը: 31708 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով, հաղորդում է «ՀայՌուսգազարդ»-ի մամլո ծառայությունը:
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 323027 ակտ:
Հիշեցնենք, որ 2010թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 596353 բաժանորդ:
Հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության եւ «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից` 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ռուսական բաժնետիրական ընկերության միջեւ 1997թ. հունվարի 18-ին Մոսկվայում կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում գազամուղների կառուցման եւ շահագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ երրորդ երկրներ դրա տարանցման մասին» համաձայնագրի համաձայն: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով: Ընկերության գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ: Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է նոր ստեղծվող տարանցիկ գազամուղների եւ գազի ստորգետնյա պահեստարանների նախագծման, ֆինանսավորման, կառուցման եւ շահագործման գծով ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ գործող գազատար համակարգերի ընդլայնումը, վերակառուցումն ու դրանց շահագործումը, շահույթի ստեղծումը: Այսօրվա դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 316,6 մլրդ դրամ:
Տեղական բնակչությանը գազի մատակարարման իրականացումն արտակարգ իրավիճակների դեպքում առանց սահմանափակումների ապահովվում է «ՀայՌուսգազարդի» Աբովյանի ստորգետնյա գազի պահեստի հաշվին: