1 փետրվարի 2010 - 21:05 AMT
ՀՅԴ. Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնն ըստ նշանակության չօգտագործեց


ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում Երեւանում 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի զեկույցի քննարկման ընթացքում հայկական պատվիրակության համաձայնությամբ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Իր ելույթի ընթացքում Փոստանջյանը զեկույցի բովանդակության մասին խոսելու փոխարեն մեղադրանքներ ներկայացրեց ՀՅ Դաշնակցության դեմ: Իբր, վերջինս չի կարող ներկայացնել ընդդիմության տեսակետը, քանի որ այդ ողբերգական իրադարձությունների ժամանակ ՀՅԴ-ն կառավարող կոալիցիայի մի մասն էր»,- ՀՀ ԱԺ-ում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցությունից պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքով, Զարուհի Փոստանջյանի հայտարարությունն անսպասելի էր, քանի որ նա ՀՅ Դաշնակցության մասին խոսում էր ավելի շատ Հայ ազգային կոնգրեսին բառապաշարին բնորոշ արտահայտություններով:

Մեկնաբանելով Փոստանջյանի հայտարարությունն այն մասին, որ Դաշնակցությունն իրական ընդդիմություն չէ եւ չի կարող ներկայացնել ընդդիմության տեսակետը ԵԽԽՎ-ում, Արմեն Ռուստամյանը նկատեց. «Թե արդյոք այս կամ այն քաղաքական ուժն ընդդիմություն է հանդիսանում, կորոշի հայ հասարակայնությունը, այլ ոչ թե ԵԽԽՎ-ն»: Նա ավելացրեց նաեւ, որ ՀՅԴ-ն բազմամյա պատմություն ունի եւ իր գործունեության ընթացքում եղել է թե իշխանության, եւ թե ընդդիմության կազմում:

Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:

1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:

Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա: