Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ին առաջարկել է Վրաստանն օգտագործել որպես ռազմական բեռները Աֆղանստան փոխադրելու տարանցիկ կետ:
ՆԱՏՕ-ի ուժերի համար միջանցքի ստեղծումը ենթադրում է վրացական նավահանգիստների, օդակայանների եւ այլ տրանսպորտային ինֆրակառույցների օգտագործումը: Սահակաշվիլին նշել է, որ արդեն քննարկել է այդ գաղափարը ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ անցյալ տարի Վրաստան կատարած նրա այցի ժամանակ: Վրաստանի նախագահը նաեւ պնդում է, որ ԱՄՆ հետ ռազմական համագործակցությունը ոչ մի ձեւով Ռուսաստանի հանդեպ ռազմական զսպվածության գործոն չի ծառայելու: Ավելին, Սահակաշվիլիի կարծիքով, Աֆղանստանում օպերացիայի հաջողությունը Մոսկվայի շահերի ոլորտում է: «Չեմ կարծում, որ Ռուսաստանը կկարողանա բացահայտ հանդես գալ դրա դեմ»,- հայտնեց նա:
Վրաստանն արդեն ցուցաբերել է օգնություն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի օպերացիայի գործում` 2009թ. նոյեմբերին այնտեղ ուղարկելով մի խումբ զինվորների` թվով 173 հոգի: Վրացի զինծառայողների երկրորդ խումբը պետք է Աֆղանստան մեկնի 2010-ի փետրվարին: Սահակաշվիլիի կարծիքով, այդ գործողությունները պետք է արագացնեն Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության գործընթացը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) կազմավորվել է 1949թ.: ՆԱՏՕ-ի նպատակը, դաշինքի պաշտոնական փաստաթղթերի համաձայն, կայանում է իր անդամ պետությունների հավաքական պաշտպանության մեջ, սակայն 90-ականներին Եվրոպայում կատարված փոփոխություններից հետո ՆԱՏՕ-ի բլոկն իրեն հիմնարար ուժ հռչակեց ողջ Եվրոպայում անվտանգության ընդլայնման գործընթացում եւ կայունության երաշխավոր:
Նախապես այդ բլոկի մեջ մտնում էին Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Իտալիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որը 1961-2009թթ. շրջանում դուրս էր եկել բլոկի ռազմական կազմակերպությունից:
1952թ. ՆԱՏՕ-ի շարքերը համալրեցին Թուրքիան եւ Հունաստանը, 1955-ին` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, 1982-ին` Իսպանիան, 1999-ին` Հունգարիան, Չեխիան, Լեհաստանը, 2004-ին` Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան, Ռումինիան, Սլովենիան եւ Բուլղարիան, 2009-ին` Ալբանիան ու Խորվաթիան:
Այդ բլոկի գլխավոր հարվածային ուժերը եղել են (եւ մինչ օրս մնում են) ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի բանակները: Բլոկը ձեւավորվեց «խորհրդային ռազմական սպառնալիքին» հակազդելու համար, ԽՍՀՄ ազդեցության ոլորտների ընդլայնումը թույլ չտալու համար: ՆԱՏՊ զինված ուժերի ընդհանուր թիվը 2008թ. վերջի դրությամբ կազմում էր մոտ 3,6 մլն մարդ: Պաշտպանության վրա ընդհանուր ծախսերը հասնում էին 895 մլրդ դոլարի, այդ թվում` 300 մլրդ Եվրոպայի երկրների համար եւ 575 միլիարդ ԱՄՆ համար: ՆՀԱ նկատմամբ տոկոսներով ՆԱՏՕ-ի ծախսերը կազմում էին 2,6%, ընդ որում` ԱՄՆ-ի դեպքում այդ ցուցանիշը 4% էր, Եվրոպայի երկրների մոտ` 1,7%: 1994 թվականից ՆԱՏՕ-ն իրականացնում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը` համագործակցություն 23 եվրոպական երկրների ու Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների հետ, որոնք կազմակերպության անդամ չեն:
2001-ին Աֆղանստանի տարածքում տեղակայվեցին Անվտանգության ապահովման միջազգային ուժերը (ISAF): 2008թ. աշնանը ISAF քանակությունը կազմեց մոտ 50 հազ. մարդ; առաքելությանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի 26 եւ 15 այլ երկրներ:
ISAF-ը Անվտանգության ապահովման միջազգային ուժ է, որը գլխավորում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական զորակազմը: Այն գործում է Աֆղանստանի տարածքում 2001 թ-ց: Անվտանգության ապահովման միջազգային ուժերը ստեղծվել են 2001 թ-ի դեկտեմբերի 20-ն համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1386 բանաձեւի:
Թալիբների ռեժիմի տապալումից հետո երկրում նրանց ներկայությունը անհրաժեշտ էր «աֆղանական Ժամանակավոր մարմնի Քաբուլում եւ հարակից տարածքներում անվտանգության ապահովելու համար, որպեսզի Ժամանակավոր մարմինը եւ ՄԱԿ-ի անձնակազմը կարողանան գործել անվտանգ պայմաններում»: 2003 թ-ի օգոստոսից ISAEF-ի հրամանատարությունը իրականացվում է ՆԱՏՕ-ի դաշինքի կողմից: