30 հունվարի 2010 - 11:15 AMT
ՅՈւՆԵՍԿՕ-ում բացվել է Արտո Չաքմաքչյանի ցուցահանդեսը


Հունվարի 28-ին ՅՈՒՆԷՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը եւ ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Ֆրանսուազ Ռիվիերը ՅՈՒՆԷՍԿՕ-ի տանը բացել են կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին տասնյակ երկրների դեսպաններ, Ֆրանսիայի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ եւ նշանավոր անհատներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:

Արտո Չաքմաքչյանը ժամանակակից հայ կերպարվեստի կարկառուն դեմքերից է, միջազգային համբավի տեր արվեստագետ, Կանադայի Գեղարվեստի Թագավորական ակադեմիայի անդամ: Նա ծնվել է Կահիրեում, ապրել եւ ստեղծագործել Հայաստանում եւ 1975թ. ի վեր հաստատվել Կանադայում: Նա մաս է կազմում 20-րդ դարի 60-70-ական թվականների գրողների, երաժիշտների, նկարիչների այն փառահեղ սերնդի, որոնք նոր խոսք ասացին արվեստում եւ նպաստեցին հայ ժողովրդի հոգեւոր վերելքին եւ ինքնագիտակցության զարթոնքին: Նրա գործերը զետեղված են աշխարհի շատ թանգարաններում եւ քաղաքներում:

Այս ցուցահանդեսում ներկայացված են վարպետի քանդակները, ինչպես նաեւ խորհրդային շրջանի բացառիկ գծանկարների շարքը, որոնք ցուցադրվում են առաջին անգամ:

Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ ՅՈՒՆԷՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Գալուստ Գյուլբենկյան հաստատության Հայկական ծառայությունների բաժնի (Պորտուգալիա), ՀԲԸՄ Եվրոպական գրասենյակի եւ Քվեբեկի (Կանադա) Արվեստի եւ գրականության խորհրդի հովանավորությամբ, տեւելու է հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 11-ը: