1 փետրվարի 2010 - 11:39 AMT
«Արմավիա» ավիաընկերություն. Թբիլիսիի օդանավակայանը չի գնում զիջումների


Ըստ «Գրուզիա օնլայն» լրատվական գործակալության, Թբիլիսիի ու Երեւանի միջեւ 2010թ. փետրվարի 1-ից ժամանակավորապես դադարեցվել է օդային հաղորդակցությունը: Տրանսպորտի միասնական աշխատակազմում նշել են, որ թռիչքների կասեցումը սեզոնային բնույթ է կրում: Չվերթերը չեն կատարվելու ուղեւորահոսքի բացակայության պատճառով:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել «Արմավիա» ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան, Թբիլիսի կատարվող չվերթերը դադարեցվել են երկու պատճառով` սեզոնային եւ չվերթի այն սակագնի պատճառով, որը պահանջում է Թբիլիսիի օդանավակայանը: «Այսօրվա դրությամբ սակագինը, որ սահմանել է Թբիլիսիի օդանավակայանը, չի արդարացնում ծախսերը: Ավիաընկերության ղեկավարությունը դիմել էր գները վերանայելու առաջարկով, սակայն Թբիլիսին զիջումների չգնաց»,-ասել է նա:

Այս առնչությամբ, նա հիշեցրել է, որ «Արմավիան» դադարեցրել է այդ չվերթերը 2010թ. հունվարի 15-ին: Ինչ վերաբերում է չվերթի վերսկսմանը, ապա Ավետիսովան դժվարացել է նշել կոնկրետ ժամկետներ:

Երեւանի տարածքով Թբիլիսիից Մոսկվա չվերթերը կատարում էր «Արմավիա» ընկերությունը: Առաջին չվերթը ընկերությունը կատարել է 2009թ. մարտի 14-ին:

1996 թվականին ստեղծված ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: «Արմավիան» ամսեկան կատարում է մոտ 250 չվերթ, ավելի քան 30 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք:




2008 թ-ին «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է մոտ 647000 ուղեւոր: Ինքնաթիռների շարժակազմը կազմված է Ա-319(3), Ա-320(2), Իլ-86, , ՅԱԿ-42 (VIP) օդանավերից: