Թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Պետությունների ղեկավարները քննարկեցին միջազգային գործերում ռուս-թուրքական համագործակցության հարցերը:
Անդրկովկասում իրադրության մասին կարծիքներ փոխանակելիս Թուրքիայի նախագահը բարձր գնահատական է տվել Ռուսաստանի ներդրմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերի գործում:
Երկու կողմերն էլ գոհունակություն հայտնեցին սեւծովյան տարածաշրջանում համատեղ աշխատանքի առնչությամբ, անդրադարձ եղավ համաեվրոպական անվտանգության հարցերին, այդ թվում` Եվրոպական անվտանգության մասին Պայմանագրի մշակման շուրջ ռուսական նախաձեռնության առիթով:
Մոտ ժամանակներս ռուս-թուրքական հարաբերությունների կենտրոնական իրադարձությունը, ըստ կողմերի, կոչված է դառնալու ընթացիկ տարվա մայիսին Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա, որի անցկացման մասին պայմանավորվածությունը հաստատվեց զրույցի ընթացքում, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: