12 փետրվարի 2010 - 23:53 AMT
Ձերբակալվել է գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը


Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը եւ հայտնել է, որ 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող «Բյուրեղ» ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին:

2009 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը: Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաներում գնացել է «Սիլ գրուպի» գրասենյակ, որտեղ Սարիբեկ Սուքիասյանն ու ոմն Արտաշ սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր:

Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին <b>Սարիբեկ Սուքիասյանը</b> եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն <b>Արտաշ Ստեփանյանը</b> բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Քննությունը վարում է Էրեբունու քննչական բաժինը, հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Սարիբեկ Սուքիասյանը հայտնի հայ գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է: Խ.Սուքիասյանն անցյալ տարի հրաժարվեց ՀՀ ԱԺ իր մանդատից: