12 փետրվարի 2010 - 15:52 AMT
Հրադադարի պարբերական խախտումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը լրջորեն տրամադրված է պատերազմի


Մոտ ժամանակներում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացում լուրջ առաջընթաց պետք չէ ակնկալել: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքերի համաձայն, եթե ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքուն շարունակի իր ընտրած այս դիրքորոշումը, ապա հակամարտության կարգավորումը հնարավոր կլինի երկու սցենարով` կամ Ադրբեջանը կհասնի իր ցանկալի արդյունքին խաղաղ ճանապարհով, կամ պատերազմ կսկսի:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին պատասխանելով, Կիրո Մանոյանն ասել է, որ Բաքվի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկրների, նաեւ Թուրքիայի դեմ: Բաքուն Անկարային նախազգուշացնում է, թե ինչ կարող է պատահել, եթե Թուրքիան որոշի բացել Հայաստանի հետ սահմանը եւ նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի: «Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ շատ լուրջ է տրամադրված պատերազմի: Այդ է ապացուցում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի պարբերական խախտումները: Ադրբեջանը իրեն պահում է խռոված երեխայի պես, որի ձեռքում վտանգավոր զենք կա», - ասել է Հայ դատի գրասենյակի ղեկավարը:

Նրա կարծիքով, պետք չէ շփոթության մատնվել Ադրբեջանի հայտարարություններից, բայց եւ պետք չէ դրանք արհամարհել: