12 փետրվարի 2010 - 13:45 AMT
Հայաստանը պետք է անհապաղ հայտարարի, որ Թուրքիայի հետ գործընթացը տապալվել է


Հայաստանը պետք է անհապաղ հայտարարի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվել է: Որքան երկար շարունակվի այս գործընթացը, այքնան շատ շանսեր կունենա Թուրքիան իր կողմից Հայաստանին առաջադրված նախապայմանների կատարմանը հասնելու համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մեծ Բրիտանիայի Արտաքին հարաբերությունների թագավորական ինստիտուտում` Կ.Մանոյանն ասել է, որ ՀՀ ղեկավարը պետք է կոնկրետ ժամկետ նշի, որի ընթացքում Անկարան պետք է վավերացնի Արձանագրությունները: Նա բացառել է դեպքերի այնպիսի զարգացում, որի դեպքում Հայաստանը կարող է վավերացնել Արձանագրությունները թուրքական խորհրդարանից շուտ:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը` Հայ Դատի գրասենյակի ղեկավարն ասել է, որ առաջիկայում նա առաջխաղացում չի ակնկալում այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւին, ապա Կ.Մանոյանը ընդգծել է, որ այս տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից բանաձեւի ընդունման հավանականությունը բավականին մեծ է: