9 փետրվարի 2010 - 11:39 AMT
Հրեա ժողովրդի համար անընդունելի է Հայոց ցեղասպանության անտեսումը


Իսրայելի Քնեսեթը վաղուց արդեն պետք է քննարկման դներ եւ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը: «Մեզ համար, որպես հրեա ժողովրդի որդիների, որը գիտի, թե ինչ է Հոլոքոսթը եւ պայքարը նրանց դեմ, ով մերժում է այդ փաստը, պետք է անընդունելի լինի Հայոց ցեղասպանության փաստի անտեսումը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քնեսեթի պատգամավոր, «ՄԵՐԵՑ» կուսակցության նախագահ Հաիմ Օրոնը:

Նա հույս է հայտնել, որ մի օր Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ երկիրը բարոյական պարտավորություններ ունի այդ հարցում, հատկապես այժմ, երբ Իսրայելն ընդգծում է Հոլոքոսթի մասին հիշատակը պահպանելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով տարածաշրջանի իրավիճակին` Օրոնը նշել է, որ Իրանի հետ պատերազմը միանգամայն հավանական է: «Ես վստահ եմ, որ Իրանի միջուկային ծրագիրը համընդհամուր խնդիր է, որը պետք է լուծվի միջազգային հանրության ջանքերով»,-ասել է Օրոնը:

Հաիմ Օրոնը Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի հեղինակն է: 2009թ. բանաձեւի նախագիծը բավարար ձայներ չստացավ օրակարգում ընդգրկվելու համար: