9 փետրվարի 2010 - 13:52 AMT
Արման Մելիքյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սխալ ընթացք է ստացել


Հայ-թուրքական արձանագրությունների ձախողման դեպքում, Հայաստանը տարածաշրջանում նոր ակտիվ հակառակորդ կստանա` Թուրքիային: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, ձախողման դեպքում Թուրքիան կակտիվացնի հակահայկական գործողությունները տարածաշրջանում: Ընդ որում նա նշել է, որ ՀՀ ղեկավարությունը պատկերացում անգամ չուներ հետեւանքների մասին, երբ նախաձեռնում էր այս գործընթացը: «Իրականում Հայաստանի իշխանությունները պատրաստ չէին նման պատասխանատվություն ստանձնել, թեեւ հայտարարում էին հակառակը»,-ասել է Մելիքյանը` հավելելով, որ ՀՀ ղեկավարությունը պետք է ամեն ինչ ծանր ու թեթեւ անի ու գնահատի ստեղծված իրավիճակը: Ըստ Մելիքյանի, Հայաստանի իշխանությունները պատրաստ չէին այս գործընթացին, ուստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սխալ ընթացք ստացավ:

«Ի սկզբանե Հայ-թուրքական արձանագրությունները շահավետ չէին Հայաստանի համար»,-ասել է Մելիքյանը` նշելով, որ Արձանագրությունների հայտնվերը Հայաստանի կողմից քաղաքականության բացակայության նշան էր: Ըստ նրա, երկիրն այլեւս չի կարողանա վերադառնալ նախկին դիրքերին այս հարցում եւ ստիպված է լինելու գործել նոր հանգամանքներում:

«Դեռ ամեն ինչ կորած չէ, ուղղակի բացթողումները շատ են, որոնք հարկավոր է շտկել»,-ասել է Արման Մելիքյանը` հավելելով, որ Հայաստանը պետք է արժանապատվորեն դուրս գա այս գործընթացից, չվնասելով իր ազգային շահերին:

Մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի որոշումը` Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը քվեարկության դնելու վերաբերյալ` Մելիքյանն ասել է, որ, չի կարծում, թե ԱՄՆ Կոնգրեսը ինչ-որ գործուն քայլեր կձեռնարկի մինչ ՌԴ նախագահի այցը Թուրքիա, որը տեղի կունենա մայիսին: