9 փետրվարի 2010 - 14:11 AMT
Տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը ոչ ավելին է, քան 5 տարի առաջ


Ռազմական գործողությունները տարածաշրջանում միշտ հնարավոր են, դրանից պետք չէ վախենալ, անհրաժեշտ է դրան պատրաստ լինել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, Հայաստանը միշտ պետք է աչալուրջ լինի: «Տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունն այս պահի դրությամբ ոչ ավելին է, քան 5 տարի առաջ»,-ասել է Մելիքյանը` հավելելով, որ 5 տարի առաջ պատերազմի հավանականությունը բավական մեծ էր: Ընդ որում, նա նշել է, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, մինչեւ երաշխիքներ չստանա որեւէ գերտերությունից:

Անդրադառնալով ՌԴ-ի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` Մելիքյանն ասել է, որ Մոսկվան կարող է օգտվել իրավիճակից եւ ՀՀ իշխանությունների համաձայնությամբ զիջումների գնալ Բաքվին ղարաբաղյան կարգավորման հարցում` Ադրբեջանում սեփական դիրքերն ամրապնդելու համար:

Ղարաբաղյան կարգավորման ավարտի վատագույն սցենարը կարող է լինել Ղարաբաղի հայաթափումը, նշել է Մելիքյանը: