9 փետրվարի 2010 - 14:24 AMT
Թեհրանն ակտիվացնում է ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ


Հայաստանի ու Իրանի քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ինչը չես ասի մշակույթի եւ գիտության ոլորտում երկկողմ հարաբերությունների մասին: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Անդրադառնալով Հայաստանի ու Իրանի ռազմավարական նախագծերին` իրանիստն ընդգծել է, որ երկաթուղու եւ ավտոմայրուղու կառուցումը կարեւոր ռազմավարական ծրագրեր են եւ մեծ նվաճում են Հայաստանի համար: Նա նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների խորացման համար մեծ ներուժ կա, որը պետք է կիրառվի:

Անդրադառնալով Իրանի դերակատարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` Գ.Ասատրյանը նշել է, որ առաջին փուլում պաշտոնական Թեհրանն ակտիվ դերակատարություն ուներ այդ խնդրի կարգավորման գործում: «Ինձ թվում է, որ Իրանը, որպես տարածաշրջանի կարեւորագույն խաղացողներից մեկը, կարող է կրկին ակտիվ դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործում»,-ասել է պրոֆեսորը: