9 փետրվարի 2010 - 15:42 AMT
Հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթում Հայաստանը 14 մարզիկներով է ներկայացված


Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն <b>Լեւոն Ջուլֆալակյանն</b> ու Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար <b>Բազմասեր Առաքելյանը</b> փետրվարի 9-ին հանդիպում ունեցան լրագրողների հետ եւ ամփոփեցին արդյունքները Աշխարհի գավաթից առաջ, որը տեղի կունենա Երեւանում փետրվարի 13-14-ը:

Գլխավոր մարզիչը ներկայացրեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի նախնական կազմը: «Մենք 2 կազմ ունենք, եւ կախված այն բանից, թե որ հավաքականը կլինի մեր մրցակիցը, մենք կորոշենք, թե մեր ըմբշամարտիկներից ովքեր են ելույթ ունենալու»,- ասաց Ջուլֆալակյանը:

Ջուլֆալակյանի խոսքով, հավաքականի կազմը ձեւավորվել է Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա, եւ հունվարի 27-ից թիմը պատրաստվում է Երեւանում կայանալիք Աշխարհի գավաթին:

Աշխարհի գավաթում հայկական հավաքականի կազմում հանդես կգան հետեւյալ ըմբշամարտիկները` Ռոման Ամոյանը եւ Հարություն Հովհաննիսյանը (55կգ ք/կ), Վահան Ջուհարյանն ու Արտակ Հարությունյանը (60կգ ք/կ), Արման Ադիկյանն ու Վարդերես Հովհաննիսյանը (66կգ ք/կ), Արսեն Ջուլֆալակյանն ու Վարշամ Բորանյանը (74կգ ք/կ), Դենիս Ֆորովն ու Տիգրան Սահակյանը (84կգ ք/կ), Արման Գեղամյանն ու Սարգիս Տոնոյանը (96կգ ք/կ) եւ Յուրի Պատրիկեեւն ու Վաչագան Եղիազարյանը (120կգ ք/կ):