9 փետրվարի 2010 - 16:06 AMT
Գառնիկ Ասատրյան. «Թուրքիային եւ Իրանին միավորում է մեկ ընդհանուր վտանգ` քրդական հիմնախնդիրը»


Մեկ հիմնախնդիր կա, որի լուծման հարցում Իրանի եւ Թուրքիայի շահերը ընդհանուր են` քրդական հարցը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԵՊՀ իրանագիտության բաժնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

«Երկու երկրներն էլ քրդական հարցը քննարկում եւ դրան վերաբերում են նույնկերպ: Քրդական հարցը, որն ընդհանուր վտանգ է ներկայացնում այդ երկու երկրների համար, նրանց միավորող գործոնն է», - ասել է իրանագետը: Խոսելով տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ակտիվության այս ժամանակաշրջանում Իրանի դիրքորոշման մասին, պրոֆեսորը հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան միշտ էլ հակառակորդներ կմնան տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է Իրանի թուրքալեզու բնակչությանը, Գառնիկ Ասատրյանն ընդգծել է, որ Իրանում հաշվվում են մոտավորապես 33 էթնիկ լեզվախմբեր: «Իրանը բազմալեզու երկիր է: Այստեղ չկան ազգային փոքրամասնություններ, իսկ թուրքալեզու բնակչությունը կազմում է 9-10 մլն: Նրանք իրանցիներ են, որոնք խոսում են թուրքական լեզվարտահայտությամբ», -ասել է Գառնիկ Ասատրյանը: Նրա խոսքերի համաձայն, արեւմուտքի ուժերն, ինչպես նաեւ Ադրբեջանը, այս գործոնը հաճախ օգտագործում են Իրանում անջատողական տրամադրությունները սրելու նպատակով: