9 փետրվարի 2010 - 16:35 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր չի լինի շարունակել


Երեւանը բարի մտադրություններ չի դրսեւորում հայ-թուրքական մերձեցման գործընթացում, ինչը նախատեսված է երկրների միջեւ ստորագրված Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն:

Ըստ Թուրքիայի ԱԳ ղեկավարի, Լոնդոնում իր հայ պաշտոնակցի հետ հանդիպմանը նա իր մտահոգությունն է հայտնել «Արձանագրություններում ՀՀ ՍԴ կատարած փոփոխությունների առնչությամբ»:

«ՀՀ ՍԴ-ի կողմից ընդունված որոշումն անկառուցողական է եւ կատարված փոփոխություններից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները վերադարձան նույն մակարդակի վրա»,-ասել է նա:

Ինչպես ասել է Դավուդօղլուն, եթե Հայաստանը չհրաժարվի իր «անկառուցողական դիրքորոշումից», գործընթացը հնարավոր չի լինի շարունակել:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի մարտի 4-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քվեարկության դնելու մասին մտադրության վերաբերյալ Դավուդօղլուն ասել է, որ արծարծելով այդ հարցը, հայկական կողմը ձգտում է խոչընդոտել հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է «Թռենդ նյուս» գործակալությունը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, եւ դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել: Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովուրդները»,-ասվում է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Դիմելով Թուրքիայի նախագահին, Ս.Սարգսյանը նշել է. «Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ եւ թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին: Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության եւ սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի: Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն եւ թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար: Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն»:

«Եթե մինչ այս պահը մեզ հաջողվել է երկկողմ շփումները բերել այնպիսի մակարդակի, որտեղից շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջեւ բնականոն հարաբերությունների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան»,-ասվում է ուղերձում: