9 փետրվարի 2010 - 16:44 AMT
ՀՀ նախագահի ուղերձը ցույց է տալիս ստանձնած պարտականություններն իրականացնելու Հայաստանի պատրաստակամությունը


«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայ-թուրքական հարաբերություններում նախաձեռնությունը հայկական կողմինն է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով, իր ուղերձով ՀՀ նախագահը ցույց տվեց ստանձնած պարտականություններն իրականացնելու Հայաստանի պատրաստակամությունը: «Դա ազդանշան է թե Թուրքիայի, թե միջազգային հանրության համար: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը նշեց, որ կողմերը պետք է ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների ոգուց բխող քայլեր ձեռնարկեն, այսինքն` խոսքը պետք է գործին համապատասխանի»,- նկատեց պատգամավորը:

Շարունակելով մեկնաբանել Հայաստանի նախագահի ուղերձը` ՀՀԿ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ անցած ժամանակի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստում Հայաստանի ղեկավարության խոսքն ու գործը միշտ համապատասխանել են միմյանց, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին:

Էդուարդ Շարմազանովը նաեւ ավելացրեց, որ նախագահի նամակը որոշակի քայլ էր նաեւ տարածաշրջանային գործընթացների մեջ ներգրավված գերտերությունների համար, որպեսզի վերջիններս դրական ազդեցություն ունենան հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վրա: