9 փետրվարի 2010 - 17:21 AMT
Հայաստանի նախագահի ուղերձն Անկարայից պատասխան չի ստանա


«Հայաստանի նախագահի ուղերձը, նախ եւ առաջ, ուղղված է միջազգային հանրությանը, այլ ոչ թե Թուրքիայի ղեկավարին: Հայաստանի ղեկավարը նախքան Մեծ Բրիտանիա մեկնելը միջազգային հանրությանն իրազեկեց, որ այն դեպքում, եթե հայ-թուրքական մերձեցման գործընթացը չհասնի իր տրամաբանական ավարտին, ինչը միջազգային գերտերությունների ցանկությունն է, ապա հայկական կողմը դրա համար պատասխանատվություն չի կրում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց քաղաքագետ <b>Սերգեյ Շաքարյանցը</b>:

Քաղաքագետի խոսքով, Անկարայի արձագանքին չարժե սպասել, քանի որ այդ երկիրը «սուզված է» իր խնդիրների մեջ եւ պատրաստ չէ իր հասարակայնության` տասնամյակների ընթացքում ձեւավորված կարծրատիպերի դեմ գնալ: «Կարծում եմ` նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն անպատասխան կմնա Անկարայի կողմից, իսկ միջազգային հանրությունը պատշաճ կերպով կգնահատի Երեւանի դիրքորոշումը»,- նկատեց Շաքարյանցը: