9 փետրվարի 2010 - 17:46 AMT
Գառնիկ Ասատրյան. Իրանի միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում


Իրանի միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ԵՊՀ իրանագիտության բաժնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը: «Այսօր ճշգրիտ տեղեկատվություն չկա այն մասին, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում: Բայց եթե անգամ դա այդպես է, ապա, հաշվի առնելով, որ այսօր միջուկային զենք ունի այնպիսի մի երկիր, ինչպիսին Պակիստանն է, ապա ես կարծում եմ, որ միջուկային զենքի առկայությունը Թեհրանի մոտ սպառնալիք չի ներկայացնում»,- ասաց իրանագետը:

Խոսելով Իրանում առկա ներքին իրադրության մասին` նա ընդգծեց, որ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վարչակարգից դժգոհ զանգվածները կոնկրետ գաղափարախոսություն չունեն, եւ նրանց գործողությունները չի կարելի անգամ երկրում հեղափոխություն իրականացնելու փորձեր անվանել: