9 փետրվարի 2010 - 18:57 AMT
Տորբյերն Յագլանդ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում շատ արգելքներ կան


Հայաստանի ու Թուրքիայի միջեւ մերձեցման գործընթացը հույս է տալիս: Այդ մասին հայտնեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյերն Յագլանդը: Ընդ որում, նա հրաժարվեց կանխատեսել գործընթացի հետագա ընթացքը` ասելով, որ չգիտի` արդյոք երկրների խորհրդարանները կվավերացնեն Արձանագրությունները, թե ոչ: Նրա խոսքով, գործընթացը կարող է երկար ժամանակ պահանջել:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում շատ արգելքներ կան: Սակայն առաջին քայլն արված է, եւ ես վստահ եմ, որ այն վերջինը չէ»,- ասաց Յագլանդը:

Դրա հետ մեկտեղ, նա նշեց, որ մեծ հույսեր է կապում տարածաշրջանում ու Եվրոպայում Թուրքիայի դերի հետ: «Իր ներքին քաղաքականության մեջ Թուրքիան շեշտը դնում է ազգային փոքրամասնությունների սոցիալական ու մշակութային իրավունքների վրա: Այդ իրավունքները պետք է ամրագրվեն սահմանադրության մեջ»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ Անկարան ժամանակակից սահմանադրության կարիք ունի, հաղորդում է CNN Turk-ը: