11 փետրվարի 2010 - 15:22 AMT
Հայաստանի ՀՆԱ-ն 2010թ. կարող է կազմել -3 տոկոսից մինչեւ +3 տոկոս


Եթե համաշխարհային տնտեսությունը չհայտնվի ճգնաժամի երկրորդ ալիքի ազդեցության տակ, Հայաստանի ՀՆԱ-ի տատանումը 2010թ. կարող է կազմել -3 տոկոսից մինչեւ +3 տոկոս: Այդ մասին մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ <b>Մանուկ Հերգնյանը</b>: Ընդ որում, ըստ նրա, սղաճի ցուցանիշն այս տարի կարող է տատանվել 6-9 տոկոսի սահմաններում:

Ինչ վերաբերում է ազգային արժույթի փոխարժեքին, ապա, ըստ նրա, հնարավոր են ճնշումներ, սակայն, «ամբողջական արժեզրկման մասին խոսք չի գնում»:

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնն առաջարկում է Հայաստանի կառավարությանը մշակել Հայաստանի կայուն զարգացման ռազմավարական մոդել: «Անհրաժեշտ է մշակել երկրի կայուն զարգացման մոդել, ոչ թե գնալ հնի հետքերով, այսինքն, ունենալ տնտեսություն, որտեղ դրամական փոխանցումների միջոցով սնվում է շինարարության ոլորտը, ունենալ ընթացիկ դեֆիցիտի եւ արտահանման խնդիր»,-ասել է նա: Բացի այդ, ըստ Հերգնյանի, Հայաստանի երկարաժամկետ ռազմավարությունը չի կարող հիմնվել նրա վրա, թե երկրի համար բաց են հաղորդակցության ուղիները, «դրանք ինչպես բացվում են, այնպես էլ կարող են փակվել»:

Այս կապակցությամբ Հերգնյանը հավելել է, որ տնտեսության կայուն զարգացման մոդելը պետք է հիմնված լինի այն դասերի վրա, որ Հայաստանը քաղեց ճգնաժամից, ինչպես նաեւ ռազմավարական եւ տեխնիկական ներուժի, գիտատար տնտեսության վրա: