9 փետրվարի 2010 - 19:05 AMT
Հայաստանի վարչապետը հարգեց հայ ականավոր բանաստեղծ Վահան Տերյանի հիշատակը


Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի առթիվ փետրվարի 9-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրեց մեծանուն բանաստեղծի հուշաքարին:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, բանաստեղծի հիշատակի արարողությունը միայն սկիզբն է նրա հոբելյանական միջոցառումների, որոնք կազմակերպում է ՀՀ կառավարության Վահան Տերյանի 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը: Մտավորականներից ու պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված հոբելյանական հանձնաժողովի նախագահն է վարչապետը:

Նույն հաղորդագրության մեջ ասվում է. «Հոբելյանական միջոցառումները ներառում են ինչպես ավանդական տերյանական օրեր բանաստեղծի ծննդավայրում եւ Օրենբուրգում (Ռուսաստանի Դաշնություն), այնպես էլ ուսանողական մրցույթ-փառատոն, հուշանվեր-գրքույկի հրատարակում, «Գրական թերթի» հոբելյանական համարի թողարկում, հայ նկարիչների եւ գրականության ցուցահանդեսներ, համադպրոցական մրցույթներ, «Վահան Տերյան» հանրագիտարանի հրատարակում, Վ. Տերյանի անվան կրթաթոշակի սահմանում, նամականիշի թողարկում եւ այլն»: