9 փետրվարի 2010 - 19:48 AMT
Մարտի երկրորդ կեսին Հայաստանի նախագահը Սիրիա կայցելի


Մարտի երկրորդ կեսին Հայաստանի նախագահ <b>Սերժ Սարգսյանը</b> պատասխան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սիրիա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը: «Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը կհանդիպի իր սիրիացի պաշտոնակից Բաշար Ալ-Ասադի, ինչպես նաեւ Սիրիայի ղեկավարության մյուս ներկայացուցիչների հետ»,- ասաց Փոլադյանը: Նրա խոսքով, Դամասկոս կատարելիք այցի ժամանակ կողմերի միջեւ մի շարք համաձայնագրեր կստորագրվեն: «Ծրագրված է նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումը հայ համայնքի հետ»,- ասաց Փոլադյանը: Դրա հետ մեկտեղ նա նկատեց, որ ՀՀ նախագահը, հնարավոր է, մասնակցի հայ-սիրիական բիզնես-ֆորումին: «Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու, քանի որ նախապատրաստական աշխատանքները դեռեւս չեն ավարտվել»,- ասաց Արշակ Փոլադյանը: