15 փետրվարի 2010 - 11:21 AMT
Բակո Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի հարավի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Արցախի Հանրապետության Նախագահ <b>Բակո Սահակյանը</b> փետրվարի 13-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի վարչական կենտրոն Պյատիգորսկ քաղաք: Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքների ղեկավարների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ խորացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած հոգեւոր արարողությանը` նվիրված Տյառն ընդառաջի տոնին: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին Պյատիգորսկ քաղաքում հանդիպում է ունեցել Հարավային Ռուսաստանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այդ կապերի խորացումը կարեւոր է ինչպես հայոց անկախ պետականության ամրապնդման, այնպես էլ Սփյուռքի համախմբման եւ հայրենապահպանության համար:

Այս համատեքստում Նախագահը կարեւորել է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի` հատկապես Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքների հետ համագործակցության ընդլայնումը` այն համարելով հեռանկարային եւ խոստումնալից: Հանդիպման վերջում Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերի, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: