15 փետրվարի 2010 - 11:57 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնեց Երուսաղեմ


Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն երկօրյա այցով մեկնեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն:

Այցի ընթացքում Նորին Սրբությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին կփոխանցի նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գահակալության 20-ամյակի եւ ծննդյան տարեդարձի առիթով Ամենապատիվ Պատրիարքին շնորհված ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանն իբրեւ գավազանակիր: