15 փետրվարի 2010 - 15:23 AMT
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ճնշում են գործադրում Թուրքիայի հանդեպ


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան ճնշում է զգում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԺ նախկին խոսնակ, պատգամավոր Տիգրան Թորոսյանը: Ըստ նրա, Էրդողանին Մոսկվայում ու Վաշինգտոնում ասել են, որ հարկավոր չէ կապել ղարաբաղյան կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների հետ, ինչը ապտակ էր Թուրքիայի վարչապետին: «Պարզ տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն չեն զիջի տեղը Թուրքիային ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ դա մեծ լծակ է Ադրբեջանի հանդեպ ճնշում գործադրելու համար»,-ասել է Թորոսյանը:

Միեւնույն ժամանակ, խոսնակը նշել է, որ Հայաստանն ավելի շատ կկորցնի, քան ձեռք կբերի հայ-թուրքական սահմանի բացման հետ: «Մենք արդեն շատ բան ենք կորցրել` այն է սահմանների փոխադարձ ճանաչման եւ ենթահանձնաժողովի ստեղծման մասին Արձանագրությունների կետերը: Ավելին, մինչ օրս ոչ մի առաջխաղացում չկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Գրեթե բոլոր երկրներն ասում են, որ պետք չէ խանգարել բանակցություններին` ճանաչելով Հայոց ցեղասպանութունը»,-ասել է Թորոսյանը: