15 փետրվարի 2010 - 15:53 AMT
Թուրքիային ձեռնատու է այն, որ Հայաստանը չի շաղկապում ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների հետ


Եթե համեմատենք Հայաստանի նախագահի Մեծ Բրիտանիայի արտաքին հարաբերությունների թագավորական ինստիտուտում` Chatham House-ում ունեցած ելույթը նրա նախորդ ելույթների հետ, ապա հարկ կլինի նշել, որ այդ ելույթում նոր շեշտադրումներ են արվել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը: Այս համատեքստում նա կարեւորել է այն, որ իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Նախիջեւանի հարցին:

Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը` Մանասյանը նշել է, որ Անկարայի համար ձեռնատու է այն, որ Հայաստանը չի շաղկապում ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ, քանի որ հակառակ դեպքում Երեւանը կարող է բարձրացնել նաեւ Նախիջեւանի հարցը: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման հարցին` Մանասյանն ասել է, որ «ձգձգելով այդ գործընթացը, Թուրքիան եւս մեկ առիթ կտա ԱՄՆ նախագահին չօգտագործել «ցեղասպանություն» բառեզրն իր ուղերձում»: