15 փետրվարի 2010 - 16:06 AMT
«Բանանցը» պարտություն կրեց ռումինական «Արջեշի» հետ ընկերական հանդիպմանը


«Բանանցը», որը ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում, երրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, երեւանյան ակումբի մրցակիցը ռումինական «Արջեշն» էր:

«Բանանցի» մարզիչ Ստավիցա Կուզմանովսկին այդ հանդիպմանը, ի տարբերություն նախորդ երկուսի, մեկ այլ կազմ առաջադրեց` այդպիսով դիտելով բոլոր մարզիկներին: Հանդիպումն ավարտվեց ռումինական ակումբի հաղթանակով: «Արջեշը» հաղթեց 2:1 հաշվով: «Բանանցի» կազմից միակ գոլը հարվածեց բրազիլացի Դու Բալան, որը դիտախաղեր է անցնում «Բանանցում» եւ, ամենայն հավանականությամբ, նրա հետ պայմանագիր կկնքվի:

Արդեն փետրվարի 21-ին «Բանանցը» կվերադառնա Հայաստան, բայց մինչ այդ եւս երկու խաղ կանցկացնի: Հաջորդ հանդիպումը «Բանանցը» ծրագրում է անցկացնել փետրվարի 17-ին: