15 փետրվարի 2010 - 16:48 AMT
Թուրքիան այնուամենայնիվ կվավերացնի Արձանագրությունները


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի Chatham House թագավորական ինստիտուտում ունեցած իր ելույթում ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության 3 առաջնահերթությունները` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ղարաբաղյան հակամարտության կարգավորում եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում: Բոլոր երեք ոլորտներում Հայաստանն այսօրվա դրությամբ առաջընթաց է գրանցել: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ըստ Մինասյանի, նախագահի խոսքից պարզ դարձավ, որ Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ԼՂՀ ժողովրդի կամքի արտահայտման եւ միջազգային իրավունքի 3 հիմնական սկզբունքների հիման վրա` ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նշել է ՀՀԿ-ի ներկայացուցիչը, պետք է կյանքի կոչվի առանց նախապայմանների:

Ինչ վերաբերում է Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, ապա պատգամավորը նշել է, որ Թուրքիան այնուամենայնիվ կվավերացնի Արձանագրությունները, քանի որ հակառակ դեպքում նա մարտահրավեր կնետի ողջ միջազգային հանրությանը: «Դրան կարող է հետեւել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր ալիք»,-նշել է նա:

Իր հերթին Կարապետ Ռուբինյանը նշել է, որ նախագահի ելույթում ոչ մի նոր բան չկա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, քանի որ այնտեղ օգտագործվել է դեռ 1988թ. փաստագրական հիմքը:

Ինչ վերաբերում է Արձանագրությունների վավերացման հավանականությանը` Ռուբինյանը նշել է, որ այդ փաստաթղթերը բխում են միայն Թուրքիայի շահերից, նա ճիշտ կանի, եթե վավերացնի Արձանագրությունները` ժամանակավորապես մի կողմ դնելով Ադրբեջանի շահերը:

Նա նաեւ նշել է, որ եթե այնուամենայնիվ Թուրքիան չվավերացնի Արձանագրությունները, ապա Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններն էլ ավելի կվատթարանան, նախադեպ կստեղծվի, որ ՀՀ իշխանությունները համաձայնվել են պատմական հարցերով միջկառավարական ենթահանձնաժողով ստեղծել Ցեղասպանության խնդրի քննարկման համար: Այդ տեսակետին կտրականապես դեմ եղավ Գ.Մինասյանը` նշելով, որ Հայոց ցեղասպանությունը չի կարող քննարկման առարկա լինել եւ Հայաստանը հետեւողական կլինի միջազգային ճանաչման հարցում: