15 փետրվարի 2010 - 17:56 AMT
Թուրքիան վերանայում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը


Թուրքիան գտնվում է Հայոց ցեղասպանության ժխտման իր քաղաքականության վերանայման գործընթացը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել թուրք գիտնական, Մասաչուսեթս նահանգի Քլարք համալսարանի պատմության դասախոս, «Խայտառակության ակտ. Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիայի պատասխանատվության հարցը» գրքի հեղինակ Թաներ Աքչամը: «Այդ գործընթացը դժվար է բացատրել հայ հասարակայնությանը, սակայն Թուրքիայում ժամանակի հետադարձ հաշվարկն արդեն սկսվել է: Դա դրսից չի երեւում, քանի որ քաղաքական գործիչները նախկինի պես «հին, պայմանական» լեզու են օգտագործում»,- ասաց Թաներ Աքչամը: Թուրք գիտնականն ընդգծեց, որ 1915թ. իրադարձությունների հարցում Թուրքիայի քաղաքականությունը կարող է փոխվել, եւ դա կարող է տեղի ունենալ 2011 թվականին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Ինչպես նշեց Աքչամը, կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) այդ հարցում չի փոխի իր քաղաքականությունը, քանի որ AKP-ն այլ առաջնահերթություններ ունի` նոր սահմանադրություն, քրդական հիմնախնդիր: «Հանգամանքների նման պատկերի դեպքում Արդարության եւ զարգացման կուսակցության համար շատ ռիսկային կլինի Ցեղասպանության հարցն օրակարգում ներգրավելը»,- հայտնեց Թաներ Աքչամը: