15 փետրվարի 2010 - 20:06 AMT
«ԴիջիՏեք անիվների վրա» ցուցահանդես-տոնավաճառը կմեկնարկի մարտի 3-ին


2009թ. դեկտեմբերի 21-25 Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) իրականացրեց <b>«ԴիջիՏեք անիվների վրա»</b> ցուցահանդես-տոնավաճառի առաջին (պիլոտային) փուլը, որի շրջանակներում մասնակից ընկերությունները շրջեցին Հայաստանի Հանրապետության մարզային քաղաքներում (Չարենցավան, Հրազդան, Սեւան, Դիլիջան, Իջեւան ուղղությամբ)` կայանելով եւ ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր:

Այժմ` մարտ ամսին, ԻՏՁՄ վերսկսում է ցուցահանդես-տոնավաճառը: Միջոցառման նպատակն է նպաստել ՀՀ մարզային համայնքներում Տեղեկատվական եւ Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացմանը եւ կիրառման ընդլայնմանը, ՏՀՏ ընկերությունների ապրանքների եւ ծառայությունների սպառման աշխարհագրության ընդլայնմանը եւ ՏՀՏ կրթության զարգացմանը:

Այս փուլը տեղի կունենա մարտի 3-7-ը Աշտարակ(1օր)-Ապարան(1օր)-Սպիտակ(1օր)-Վանաձոր(2օր) ուղղությամբ: Նախատեսում է ունենալ շուրջ 15 մասնակից` հայաստանյան ՏՀՏ ընկերություններից: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի ռոբոտների ցուցադրական ելույթ, ինչպես նաեւ կանցկացվեն սեմինարներ եւ դասընթացներ` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) եւ բիզնեսի կազմակերպմանը եւ ՏՏ օգտագործմանը առօրյա բիզնեսում:

Նախատեսվում է նաեւ միջոցառումը կազմակերպել հետեւյալ ուղղություններով`մարտի 24-28` Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ամասյա, Աշոցք: Ապրիլի 12-16` Թալին, Արթիկ, Մարալիկ, Գյումրի: Մայիսի 6-9` Ստեփանակերտ, Շուշի: Մայիսի 17-21`Արտաշատ, Արարատ, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ: Հունիսի 1-5` Սիսիան, Գորիս, Ղափան, Քաջարան, Մեղրի:Հուլիսի 1-5` Գավառ, Վարդենիս, Մարտունի, Կարմիր, Սեւան: Այս մասին հաղորդում է ցուցահանդես-տոնավաճառի մամլո ծառայությունը: