10 փետրվարի 2010 - 11:49 AMT
ԱՀՀ-ն ու ՀԸԲՄ-ն ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը


Ամերիկայի հայկական համագումարը` ԱՀՀ-ն եւ Հայ ընդհանուր բարեգործական միությունը` ՀԸԲՄ-ն ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլին հղած ուղերձը: Բացի այդ, ԱՀՀ-ն ու ՀԸԲՄ-ն դիտարկում են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ որպես այն հարցերը քննարկելու հնարավորություն, որոնց միջոցով Վաշինգտոնը կարող է ապահովել, որ Թուրքիան հանի Հայաստանի շրջափակումն ու կարգավորի հարաբերություններն առանց նախապայմանների:

Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած երկու կազմակերխպությունների հայտարարության մեջ, հաշվի առնելով Անկարայի վարքագիծը` այժմ պատեհ պահ է, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: ԱՀՀ-ն հաղորդում է, որ Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդը սատարում է Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւին:

Անդրադառնալով Հ.Քլինթոնի հետ հանդիպմանը` ԱՀՀ-ն ու ՀԸԲՄ-ն իրազեկում են, որ Armenian Weekly-ի հանդեսը ոչ միայն խեղաթյուրել է փաստերը, այլ նաեւ փորձել է պառակտում սերմանել ԱՄՆ հայկական կազմակերպությունների միջեւ: Ըստ հաղորդագրության, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը չի հաստատել իր մասնակցությունը պետքարտուղարի հետ հանդիպմանը:

«Մենք ողջունում ենք լրացուցիչ մասնակիցների ներկայությունը հանդիպմանը, սակայն չենք աջակցում քաղաքական կուսակցությունների այդ գործընթացը քաղաքականացնելու փորձերին, ինչը կարող է բեւեռացնել հանրությանը: Բացի այդ, մենք բոլորս պետք է պայմանավորվենք հանդիպման ընդհանուր օրակարգի մասին, միասնական ճակատով ներկայացնելու համար մեր կարծիքները»,-ասվում է հայկական կազմակերպությունների հայտարարության մեջ: