15 փետրվարի 2010 - 20:48 AMT
ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակը կեղծում է պատմությունը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր <b>Նաիրա Զոհրաբյանը</b> նամակ է հղել ԵԽԽՎ մշակույթի, գիտության եւ կրթության հարցերի հաձնաժողովի նախագահ պարոն Էնդրյու Մակինթոշին, որում, մասնավորապես, նշվում է, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ արդբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեինովը ադրբեջանական մամուլին տված իր հարցազրույցներում հերթական անգամ խեղաթյուրել է ակնհայտ փաստեր եւ իրողություններ։ «Իմ կողմից տրամադրված փաստերը նա խեղաթյուրված ներկայացրել է նաեւ Ձեր գլխավորած հանձնաժողովի նիստում։ Մասնավորապես, փորձել է խեղաթյուրել իմ կողմից Վեհաժողովի անդամ պետությունների ներկայացուցչություններին բաժանված «21-րդ դարի վանդալները» եւ «Իսկական ողբերգություն. 1990 թվականի Բաքվի ջարդերը» փաստագրական նյութերը»:

«Ադրբեջանի պատվիրակը առաջնորդվել է իր երկրի ղեկավարության գործելաոճով` կեղծել պատմությունն ու ակնհայտ փաստերը»,- ընդգծված է նամակում:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ վստահություն է հայտնել, որ սուտը, կեղծիքն ու ապատեղեկատվությունը չեն կարող եւ չպետք է ընդունելի լինեն այնպիսի մի կառույցում, ինչպիսին Եվրոպայի Խորհուրդն է, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: