15 փետրվարի 2010 - 21:07 AMT
The Daily Star. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ նախագահի քայլերը գովեստի են արժանի»


Հայաստանի նախագահը կրկին մեկ քայլ առաջ կատարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, ինչը գովեստի եւ աջակցության է արժանի: Այս մասին է գրում լիբանանյան The Daily Star թերթը, մեկնաբանելով ՀՀ նախագահի հայտարարությունը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները խորհրդարան ուղարկելու մասին: «Հայաստանի նախագահը կատարեց համարձակ եւ անհրաժեշտ քայլ: Ժամանակն է հետ նայելու փոխարեն առաջ գնալու: Այդ տարածաշրջանը հաշտության կարիք ունի», - ասվում է հոդվածում: Հոդվածագրի կարծիքով, Հայաստանն ունի չօգտագործված ներուժ, այդ թվում նաեւ գազի եւ նավթի համար տարանցիկ միջանցք:

The Daily Star-ը գրում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտարկել որպես լարված իրավիճակները լուծելու փայլուն օրինակ: «Մենք կարիք ունենք դեպի առաջ գնացող այդպիսի առաջնորդների, որպեսզի վերջ դրվեն ճնշումներին եւ հակամարտություններին: Սերժ Սարգսյանի համարձակ նախաձեռնությունը կարող է նաեւ անհաջողության մատնվել: Սակայն ինչով էլ այն ավարտվի, միեւնույն է, Հայաստանի նախագահին պետք է համարել առաջնորդ, որը օգնեց ազատվել անցյալից», - համարում է լիբանանյան թերթը:

Փետրվարի 12-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ներկայացվել են ՀՀ ԱԺ: