15 փետրվարի 2010 - 21:54 AMT
«Ժառանգությունն» առաջարկում է քննարկել Արձանագրությունները ՀՀ ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներում


Փետրվարի 15-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված երկօրյա ժամկետում պետք է շրջանառության մեջ դնի խորհրդարան մտցրած հայ-թուրքական Արձանագրությունները եւ նշանակի գլխադասային հանձնաժողով: Աժ նախագահին ուղղված նամակում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական Արձանագրություններն անկասկած հետեւանքներ են ունենալու Հայաստանի Հանրապետության` անխտիր բոլոր համակարգերի վրա (քաղաքական, ֆինանսատնտեսական, սոցիալ-մշակութային, տարածքային, անվտանգության, պաշտպանական, մարդու իրավունքներ, տեղեկատվական եւ այլն), «Ժառանգություն» խմբակցությունը դիմում է Ձեզ, որպեսզի հայ-թուրքական Արձանագրությունները, բացի գլխադասային նշանակված մշտական հանձնաժողովից, քննարկման ուղարկեք նաեւ ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներ, որոնք ԱԺ նիստում հարցի քննարկման ժամանակ հարակից զեկույց կներկայացնեն իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում այդ Արձանագրություններով նախատեսված գործառույթների ունենալիք հնարավոր ազդեցության կապակցությամբ»»,- ընդգծված է նամակում:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, որոնք խորհրդարանի երկու մշտական հանձնաժողովների անդամ են, նամակով դիմել են ՀՀ ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների ղեկավարներին, որպեսզի խորհրդարանական լսումներ կազմակերպվեն վերոնշյալ հանձնաժողովների իրավասության ներքո գտնվող ոլորտների վրա Արձանագրությունների ազդեցության գնահատման համար, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը: