16 փետրվարի 2010 - 18:57 AMT
Թուրքիայի ԱԳ նախարարը Թեհրան է ժամանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճը լուծելու համար


Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ վեճի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության նոր առաջարկների քննարկմանը: Այդ մասին հայտնեց Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին Թեհրանում իր թուրք պաշտոնակից Ահմետ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո: Վերջինս փորձում է պաշտպանել ներկայիս նախագիծը, որն օժանդակել է ՄԱԿ-ը:

Այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ իրանական ղեկավարությունը հայտարարեց ուրանի հարստացման գործընթացում զգալի հաջողությունների մասին, աշխարհում ավելի հաճախ սկսեցին հնչել Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացման կոչերը:

Մոսկվայում Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կրկին նշեց, որ եթե Իրանը մերժի այլ երկրների եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը, ոչ ոք չի կարող բացառել պատժամիջոցների կիրառումը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: