18 փետրվարի 2010 - 16:29 AMT
Եթե Թուրքիան մինչ ապրիլի 24-ը չվավերացնի Արձանագրությունները, Հայաստանը կկասեցնի գործընթացը


«Անկախ Հայաստանից, տարածաշրջանում ակնկալվում են նոր զարգացումներ, ինչը կհանգեցնի ուժերի հավասարակշռության փոփոխման: Դա կարող է անդրադառնալ նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստատուս-կվոյի փոփոխմանը»,-ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը Երեւանում Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ըստ Սաֆարյանի, եթե Թուրքիան չվավերացնի ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները, միջազգային հանրությունը մեծացնում է ճնշումը Արցախի խնդրի կարգավորման հարցում: «Քանի որ դա է պահանջում Թուրքիան` Արձանագրությունները վավերացնելու դիմաց»,-ասել է նա:

Իր հերթին Կարեն Ավագյանը նշել է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի առաջընթաց կա, քանի որ քննարկվում է ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցը: Ըստ Ավագյանի, առաջընթաց կարելի է համարել նաեւ այն, որ Թուրքիան արդեն չի շաղկապում Արցախի խնդիրը հայ-թուրքական մերձեցման հետ: «Իսկ եթե թուրքական կողմն արհեստականորեն ձգձգի Արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանը կկասեցնի հայ-թուրքական մերձեցման ներկա գործընթացը»,-ասել է ՀՀԿ-ի ներկայացուցիչը:

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ, հավանաբար, Հայաստանն առաջինը կվավերացնի Արաձանգրությունները, Ավագյանը նշել է, որ նման բան չի կարող լինել եւ ըստ նրա, եթե թուրքական կողմը մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 24-ը չվավերացնի Արձանագրությունները, ապա Հայաստանը կկասեցնի գործընթացը: