10 փետրվարի 2010 - 20:50 AMT
Թուրք ղեկավարների նյարդային արտահայտություններն ու ՀՀ ղեկավարության պատասխան հայտարարությունները համեմատելի չեն


«Հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի եզրակացության մասին թուրք բարձրաստիճան անձանց նյարդային արտահայտությունները խոսում են այն մասին, որ այդ որոշումը բարդացրեց Թուրքիայի առաջադրած նախապայմանների կատարումը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, պետք չէ համեմատել թուրքական կողմի արտահայտությունները Հայաստանի ղեկավարության պատասխան հայտարարությունների հետ, քանի որ Թուրքիան նյարդայնանում է այն բանից, որ իրեն չի հաջողվում իրականացնել իր նախապայմանները: «Իսկ հայկական կողմից հայտարարություններն ուղղված են այն բանին, որպեսզի թույլ չտան թուրքական նախապայմանների իրագործումը»,- նկատեց նա:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ ՍԴ որոշումից հետո պարզ դարձավ, որ կողմերն Արձանագրություններում տարբեր իմաստ են տեսնում, ինչն էլ հանգեցրեց այդ փաստաթղթերի տարաբնույթ մեկնաբանություններին: «Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշումից հետո Հայաստանի խորհրդարանը պետք է չվավերացնի դրանք կամ էլ եթե անգամ վավերացնի, ապա միայն վերապահումներով»,- նկատեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: