23 փետրվարի 2010 - 13:36 AMT
ԱՄՆ-ում քննարկում են Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը


ԱՄՆ փորձագիտական հանրությունը քննարկում է հնարավոր ռազմական սցենարը, որով նախատեսվում է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին Թեհրանի միջուկային նկրտումների շուրջ հակամարտության լարվածության հասունացման դեպքում: Թեման «թեժ» դարձավ ՄԱԳԱՏԷ-ի նոր, առավել կոշտ զեկույցից եւ Թեհրանի կողմից ուրանի հարստացման երկու նոր գործարան կառուցելու մտադրության վերաբերյալ հայտարարությունից հետո:

ԱՄՆ շտաբների միավորված կոմիտեի պետ Մայքլ Մուլենն այդ առնչությամբ հայտարարել է, որ ռազմական միջամտությունը չի կարողանա լուծել Իրանի միջուկային խնդիրը: Նման կարծիքը գերակշռում է նաեւ փորձագիտական հանրության մեջ: «ԱՄՆ-ն կարող է տուրք տալ իրանական միջուկային ռումբի ստեղծումը կանխելու գայթակղությանը, սակայն նույնիսկ հաջող ավիահարվածները միայն մի քանի տարով կհետաձգեն Թեհրանի ծրագրերը»,-ասվում է Foreign Affairs ամսագրի անոնսում:

Հոդվածի հեղինակներ Ջեյմս Լինդսին ու Ռեյ Թեյքին կարծում են, որ նման միջամտությունը աղետալի հետեւանքներ կունենա: Վաշինգտոնը պետք է իմաստուն գործի: Որքան էլ տարօրինակ թվա, սակայն միջուկային Իրանը կարող է բացասաբար ընկալվել մեձակա շրջապաի կողմից:

Բրուքինգի ինստիտուի ստորաբաժանումներից մեկի սցենարը ենթադրում է, որ Թեհրանը պատասխան հարվածներ կհասցնի Իսրայելին ռազմական ագրեսիայի դեպքում, եւ համաշխարհային անվտանգության հետ կապված իրավիճակը կարող է դուրս գալ վեահսկողությունից: Ամերիկացի փորձագետները գտնում են, որ հակամարտության ուժային լուծման փորձը հղի է հսկայական կորուստներով, գրում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: