Փետրվարի 23-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱԱՀՈւ-ի մասին պայմանագիրը: Խորհրդարանը նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունել է ՀՀ օրենքը «Եկամտահարկի մասին» եւ առաջին ընթերցմամաբ ՀՀ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
ՀՀ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին դեմ եղավ ՀՅԴ-ն: Ըստ պատգամավոր Արա Նռանյանի, կառավարությունը պետք է ետ կանչի օրինագիծը լրամշակման համար: «Խաղատների համար հարկավոր է մի առանձին տարածք հատկացնել` Լաս Վեգասի օրինակով»,-ասել է Նռանյանը:
Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակից, «Ժառանգություն» խմբակցության անդամ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ եթե կառավարությունը գնում է այդ քայլին զբոսաշրջության զարգացման նպատակով, ապա դա անտեղի է ու չարդարացված: «Խաղատները պետք է կառուցվեն հանգստի գոտիներից դուրս: Եթե կառավարությունը ցանկանում է ապահովել տարածաշրջանների զարգացումը, ապա թող խաղատները տեղափոխի սահմանամերձ շրջաններ»»-ասել է Մարտիրոսյանը:
Ըստ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Հայաստանում ընդհանրապես հարկավոր է արգելել խաղատները, քանի որ դրանք «չարիք են հայ ժողովրդի համար»:
Ինչպես նշել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, պետտուրքի բարձրացումը մինչեւ 1 մլրդ դրամ բխում է Հայաստանում զբոսաշրջության զարգացման նպատակահարմարությունից եւ զբոսաշրջության զարգացումից ակնկալվող եկամուտների մոտավոր հաշվարկից, որոնք կփակեն խաղատների ծախսերը:
Օրինագծերով նախատեսվում է ավելացնել ֆիքսված վճարումները` տարեկան 400 մլն դրամից հասցնելով 1 մլրդ դրամի: Բացի այդ, բոլոր գոյություն ունեցող խաղատները պետք է տեղակայվեն Հայաստանի երեք հանգստավայրերում` Ջերմուկում, Ծաղկաձորում, Սեւանում, «Զվարթնոց» օդանավակայանում, որը հայտարարված է ազատ առեւտրի գոտի: Եվ եթե առաջին ուղղումն ուժի մեջ կմտնի ընդունումից անմիջապես հետո, ապա վերջինը` 2013 թվականին: