23 փետրվարի 2010 - 15:47 AMT
Երեւանում կբեմադրվի Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան


«Անցած տարին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար հարուստ էր ստեղծագործական առումով: Ցանկը բավականին մեծ էր: Նախորդ տարվա գլխավոր իրադարձությունը «Սպարտակ» բալետն էր` հանճարեղ ռուս բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ: Հեշտ չէր, ամեն րոպե աշխատանքը կարող էր ձախողվել, քանի որ ծանրաբեռնվածությունը հսկայական էր, սակայն հուրախություն մեզ եւ ձեզ, ամեն ինչ հաջողվեց: «Սպարտակի» շնորհիվ մեր բալետի խումբը մի քանի նիշով բարձրացրեց նշաձողը: «Սպարտակը» Հայաստանի համար բրենդ դարձավ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է նոր առաքումներին, նա նշել է, որ 2010 թվականին օպերայի սիրահարների դատին կներկայացվեն նաեւ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» եւ Վերդիի «Աիդա» օպերաները:

«Աիդա» օպերայի բեմականացման համար մենք հրավիրել ենք հայտնի իտալացի ռեժիսոր Մարիո Կոռռադիին, որն արդեն զբաղվում է դրանով: «Աիդայի» բեմականացման համար կօգտագործվեն բոլոր երեք բեմերը: Ես հուսով եմ, որ «Սպարտակի» սկիզբ դրած հաջողությունը կշարունակվի այս տարի «Աիդայի» բեմականացմամբ,-եզրակացրել է Կամո Հովհաննիսյանը` հավելելով, որ նախապատրաստվում է նաեւ երկու բալետների բեմականացում` ըստ Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի եւ Յոհան Սեբաստիան Բախի: