23 փետրվարի 2010 - 20:47 AMT
Էդուարդ Շարմազանով. ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չի լինելու


Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ենթատեքստում նախաձեռնությունը հայկական կողմի ձեռքն է, ինչի մասին վկայում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների Թագավորական Ինստիտուտում եւ Թուրքիայի նախագահին հղված նրա նամակը: Այդ մասին այսօր խորհրդարանական նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովն անհիմն է համարել Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովի ղեկավար Մուրատ Մերջանի հայտարարությունն այն մասին, որ Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը պետք է միջազգային փորձաքննության ենթարկվի, եւ որ պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: «Ես ցանկանում եմ թուրք պատգամավորին հաղորդել այն մասին, որ մի շարք միջազգային փորձագետների, այդ թվում` ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի կարծիքով, ՀՀ ՍԴ եզրակացությունն իր մեջ ոչ մի նախապայմաններ չի ներառում»,- նշեց նա:

Մեկնաբանելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը` ՀՀԿ խմբակցության քարտուղարը նկատեց, որ հակամարտող կողմեր են ճանաչվել ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը: «Ավելին, միջազգային ուժի բոլոր կենտրոններն արդեն հստակ հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունները կապված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Այդպիսով, ծիծաղելի դրության մեջ չհայտնվելու համար իմ թուրք պաշտոնակցին խորհուրդ եմ տալիս խոսելուց առաջ հետազոտել փաստերը»,- նկատեց նա:

Շարմազանովը եւս մեկ անգամ ադրբեջանական կողմին հիշեցրեց, որ ԼՂՀ-ն երբեք Ադրբեջանի կազմում չի եղել: «Ավելին, ավելի շուտ երկինքը կիջնի վար, քան ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում կլինի»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը: