Հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում աննախադեպ իրադարձություններ են տեղի ունենում:
Կրկին հայ ժողովրդի շահերի հաշվին արտաքին ուժերի շահերը պաշտպանելու փորձեր են արվում: Բարեբախտաբար, համայն հայությունը սկսել է հասկանալ հայ-թուրքական հարաբերությունների սկսված գործընթացի թաքուն եւ բացահայտ վտանգները: Սակայն մինչ օրս վտանգի տակ է գտնվում Արցախի ժողովրդի ազատությունն ու անկախությունը: Մյուս կողմից` Ջավախքի հայ ազգաբնակչությունը զրկված է տարրական իրավունքներից; Այս մասին է ասվում հայկական ավանդական երեք կուսակցությունների` Ռամկավար ազատական(ՌԱԿ), Հայ Յեղափոխական դաշնակցություն(ՀՅԴ) եւ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան(ՍԴՀԿ), համատեղ հայտարարության մեջ:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կարեւոր նշանակություն ունի ինչպես մարդկության քաղաքակրթության, այնպես էլ Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Մենք հետեւողական ենք մեր արդարացի պայքարի շարունակականության գործում եւ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին, բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին, բոլոր կառույցներին, հայկական սփյուռքին` համախմբվել եւ աշխարհին ներկայացնել համազգային հիմնախնդիրների վերաբերյալ մեր միասնական դիրքորոշումը», - ասված է երեք կուսակցությունների հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այսօր աշխարհի շատ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը եւ դա այլընտրանք չունի: