25 փետրվարի 2010 - 16:41 AMT
Կիեւում կանգնեցվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան


Կիեւի Գոլոսեեւյան շրջանի շրջանային խորհուրդը քննարկել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի կառուցման մասին առաջարկը, որը ներկայացրել էր շրջանի հայկական համայնքը: Որոշում է ընդունվել մայրաքաղաքի Օդեսայի հրապարակում տեղ հատկացնել հուշակոթողի համար:

Analitika.at.ua գործակալության թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում շրջանային խորհրդի պատգամավոր, Ուկրաինայում հայերի ազգային կոնգրեսի փոխնախագահ, Գոլոսեեւյան շրջանի հայկական համայնքի ղեկավար Արթուր Մարտիրոսյանը հայտարարել է, որ դա Ուկրաինայի հայկական համայնքի եւ ողջ հայ ժողովրդի համար մեծ իրադարձություն է: Պատգամավորը վստահ է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը ժամանակի ընթացքում կդառնա Կիեւի հայերի, ինչպես նաեւ հայազգի հյուրերի համախմբման եւ այցելությունների վայրը: Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն պատգամավորներին, ովքեր աջակցել են այդ հարցում:

Շրջանային խորհրդի պատգամավոր Անատոլի Սուլդինն իր հերթին նշել է, Գոլոսեեւյան շրջանի հայկական համայնքի բեղմնավոր աշխատանքը` հույս հայտնելով, որ հետագայում էլ ավելի կամրապնդվի եւ կզարգանա հայ-ուկրաինական բարեկամությունը: Նա նաեւ հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը անտարբերության չի մատնի Գոլոդոմորի ճանաչումը:

Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը հայտնել է, որ ապրիլի 24-ին այն տեղում, որտեղ կանգնեցվելու է հուշարձանը, նախատեսվում է տեղադրել Հայաստանից բերված հող, հուշաքար եւ խաչ: Հուշակոթողը նախատեսված է քանդակել եւ տեղադրել այս տարվա ընթացքում: