Այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանըհասարակության համար առավել արդիական մի շարք հարցեր է շոշափել: Այդ համատեքստում նա առանձնահատուկ ուշադրության է արժանացրել Հայաստանում գազի սակագնի բարձրացման հարցը: Ինչպես նշել է Հարությունյանը, փետրվարի 24-ին նա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ, հանդիպել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ` քննարկելու համար գազի սակագնի բարձրացման հարցը: «Ցավոք, կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Նազարյանի միջեւ երկխոսությունը բարեհաջող ընթացք չունեցավ», - ասել է Արմեն Հարությունյանը` ավելացնելով, որ իր գրասենյակը այլեւս չի միջամտելու այդ բնագավառի աշխատանքներին:
Նրա խոսքերի համաձայն, փորձագետները բաժանվել են երկու խմբի` մի խմբի կարծիքով գազի սակագների բարձրացումը հիմնավորված է, մյուս խմբի կարծիքով` ոչ: «Մենք կրկին վերադառնում ենք նույն խնդրին, բախվելով մենաշնորհային հարցին: Որտեղ բացակայում են քաղաքակիրթ առեւտրային հարաբերություններ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները մի շարք արտոնություններ են ունենում, որոնք էլ ոչնչացնում են միջին եւ փոքր բիզնեսը, երբ խախտված է սոցիալական արդարության սկզբունքը` այլեւս ոչ մի հաշվարկ քաղաքացիներին չի հետաքրքրում, քանի որ դրանք հանգեցնում են սոցիալական ծանրաբեռնվածության բազմակի աճի», - ասել է Հայաստանի օմբուդսմենը:
Նրա խոսքերի համաձայն, այսօր արդեն երկրորդական հարց է` հիմնավորված է սակագնի հաշվարկը, թե՞ ոչ, քանի որ մարդիկ հնարավորություն չունեն նորմալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, որ կարգին փող աշխատեն:
Ա. Հարությունյանը ՀՀ կառավարությանը կոչ արեց Հայաստանի բնակիչների համար մշակել սոցիալական ծրագրի ծրար, քանի որ արդեն իսկ միջին բիզնեսը նույնպես վտանգված է: «Նախկինում մեզ բողոքներով չէին դիմում միջին բիզնեսի ներկայացուցիչները, իսկ հիմա արդեն նրանք էլ են դիմում», - ասել է Արմեն Հարությունյանը:
«Պետությունը չպետք է խնդիրների ողջ ծանրությունը բարդի ժողովրդի ուսերին, այլ հանրավորինս պետք է այն թեթեւացնի», - ասել է նա: